V.H. Apelian's Blog

V.H. Apelian's Blog

Saturday, October 19, 2024

Սիլվային պատգամը

 Կար ժամանակ երբ մենք՝ պատանիներ, այս բանաստեղծութեան վէրջին չորս տողերը որպէս յուշագրութիւն կը գրէինք մեր ընկերներուն յուշատետրերուն մէջ։ 

 

ԽՈՍՔ ԻՄ ՈՐԴՈՒՆ

 

Այս գարնան հետ, այս ծաղկունքի,

Այս թռչնակի, այս առվակի,

Հետն այս երգի ու զարթոնքի

Բացվեց լեզո՜ւն իմ մանկիկի։

Ու թոթովեց բառ մի անգին

Հայկյան լեզվից մեր սրբազան,

Ասես մասունք հաղորդության

Դիպավ մանկանս շրթունքին...

- Լսի՛ր, որդիս, պատգամ որպես

Սիրող քո մոր խո՜սքը սրտանց,

Այսօրվանից հանձնում եմ քեզ

Հայոց լեզո՜ւն հազարագանձ։

Կտրել է նա, հանց աստղալույս,

Երկինքները ժամանակի,

Շառաչել է խռովահույզ

Սլացքի հետ հայկյան նետի,

Ու Մեսրոպի սուրբ հանճարով

Դարձել է գիր ու մագաղաթ,

Դարձել է հո՜ւյս, դարձել դրո՜շ,

Պահել երթը մեր անաղարտ...

Նրանո՛վ է մրմրնջացել

Հայ պանդուխտը վերքն իր սրտի,

Նրանո՛վ է որորտացել

Կռվի երգն իմ ժողովրդի,

Նրանո՛վ է մայրս ջահել

Ինձ օրորոց դրել մի օր,

Հիմա եկել, քե՜զ է հասել

Նրա կարկաչը դարավոր...

Բա՛ց շուրթերդ, խոսի՜ր, անգի՛ն,

Ժիր դայլայլի՜ր, ի՛մ սիրասուն,

Թող մանկանա՛ քո շուրթերին

Մեր ալեհե՜ր հայոց լեզուն...

Պահի՛ր նրան բարձր ու վճիտ,

Արարատի սուրբ ձյունի պես,

Պահի՛ր նրան սրտիդ մոտիկ,

Քո պապերի աճյունի պես,

Ու ոսոխի զարկիցը սև

Դու պաշտպանի՛ր կրծքով նրան,

Ինչպես մո՜րդ կպաշտպանես,

Թե սո՛ւր քաշեն մորդ վրան,

Ու տե՛ս, որդիս, ո՛ւր էլ լինես,

Այս լուսնի տակ ո՜ւր էլ գնաս,

Թե մո՛րդ անգամ մտքիցդ հանես,

Քո մա՜յր լեզուն չմոռանա՛ս։

 

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

(1919-2006)

No comments:

Post a Comment