Ոճաբանական
Տասը խորհուրդ արդի հայ գրողին
1. Ձեր յօդուածը երկու համակարգչային էջէ աւելի թող չըլլայ. այլապէս միշտ պիտի վտանգուի անոր ընթերցումը:
2. Խուսափինք կրաւորական բայերէ՝ ի հաշիւ չէզոք եւ ներգործական բայերու:
Մի՛ ըսէք ու գրէք՝
--Պոլիսը գրաւուեցաւ Սուլթան Ֆաթիհի կողմէ:
Այլ ըսէ՛ք ու գրեցէ՛ք՝
--Սուլթան Ֆաթիհ գրաւեց Պոլիսը:
3. Ենթական չկրկնենք էական բային հետ:
Չըսենք ու չգրենք՝
--Այս խնձորը համով խնձոր է:
Այլ ըսենք ու գրենք՝
--Այս խնձորը համով է:
Կամ՝
--Համով խնձոր է այս:
4. Խուսափինք անորոշ դերբայէն՝ ի նպաստ բայանուններու:
Մի՛ ըէսք ու գրէք՝
--Նախագահ մը ընտրելը դժուարացաւ:
Այլ ըսէ՛ք ու գրեցէ՛ք՝
--Նախագահի մը ընտրութիւնը դժուարացաւ:
Մի՛ ըսէք ու գրէք՝
--Կողմերը մօտ են զինադադար կայացնելու(ն):
Այլ ըսէ՛ք ու գրեցէ՛ք՝
--Կողմերը մօտ են զինադադարի (մը) կայացումին:
5. Խուսափինք որոշիչ յօդով օժտելէ յատուկ անունները:
Մի՛ ըսէք ու գրէք՝
--Գերմանիան կ’ուզէ, որ Ուքրանիան պարտուի:
Փութինը եւ Էրտողանը համաձայնեցան:
Այլ ըսէք ու գրեցէք՝
--Գերմանիա կ’ուզէր, որ Ուքրանիա պարտուի:
Փութին եւ Էրտողան համաձայնեցան:
6. Նախընտրել եզակին յոգնակիէն:
Մի՛ ըսէք ու գրէք՝
--Ան տաբատներ գնեց շուկայէն:
Այլ ըսէ՛ք ու գրեցէ՛ք՝
--Ան տաբատ գնեց շուկայէն:
Մի՛ ըսէք ու գրէք՝
--Թորոսը, Մարկոսը եւ Կիրակոսը այցելութիւններ տուին:
Այլ ըսէ՛ք ու գրեցէ:ք՝
--Թորոսը, Մարկոսը եւ Կիրակոսը այցելութիւն տուին:
Մի ըսէք ու գրէք՝
--Օդանաւերը ժամերով թռիչքներ կատարեցն:
Այլ ըսէք ու գրեցէ՛ք՝
--Օդանաւերը ժամերով թռիչք կատարեցին:
7. Հոն ուր կարելի է՝ նախընտրել ա յօդակապը ե-էն:
Մի՛ ըսէք ու գրէք՝
-- այցեգին, այցեգիր, այցետոմս:
Այլ ըսէ՛ք գրեցէ՛ք՝
--այցագին, այցագիր, այցատոմս:
8. Ել եւ ալ տարբերակներու պարագային միշտ նախընտրել ել-ը՝
--ելլել/ելլալ, գտնել/գտնալ,
--մռնչել/մռնչալ, վրնջել/վրնջալ:
9. Չհոլովել ինքզինք(ս) դերանունը, որ հայցական է արդէն:
Մի՛ ըսէք ու գրէք՝
--ինքզինքիս-ինքզինքէս-ինքզինքովս...
Այլ ըսէ՛ք ու գրեցէք՝
--ես իմ - ես ինծի -ես ինձմէ -ես ինձմով
--մենք մեզ -մենք մեր -մենք մեզի -մենք մեզմէ -մենք մեզմով
--դուք ձեզ -դուք ձեր -դուք ձեզի -դուք ձեզմէ -դուք ձեզմով
10. Որեւէ օտար յատուկ անունի մէջ,-- կը շեշտենք՝ մէ՛ջ,-- չգրել է եւ օ տառերը, այլ գրել մի՛միայն ե եւ ո. օրինակ՝ Տը Կոլ, Պոտլեր, Մարսել, Ռոպեր, Լեյեն, Նեմեսիս, Պրոմեթէ եւ այլն՝ յարգելով հանդերձ նման անուններու պատմական ուղղագրութիւնը:
Եւ Տէր ընդ Ձեզ, ընդ ամենեսեանդ:
Շնորհաւոր Նոր տարի եւ Սուրբ ծնունդ:
Երջանիկ տարիներ աշխարհին, Հայաստանին, բոլորին ու բոլորիս:
armenag@gmail.com Արմենակ Եղիայեան
No comments:
Post a Comment