V.H. Apelian's Blog

V.H. Apelian's Blog

Tuesday, August 26, 2025

Մտորումներ Հանրապետութեան հիմնադիր հայրերէն

Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր այրերէն այս մտօրումները կը պարտիմ Աւօ Կ Պօղոսեանին – Avo G Boghossian - որուն Ֆէյսպուքի էջէն ընդօրինակած եմ։ Թէեւ դար մը անցած է այդ մտորումներէն, բայց կը հաւատամ որ տակաւին կը պահեն իրենց այժմէականութիւնը։ Վահէ Յ ԱբէլեանVaհe H Apelian

 


Ռուբեն Տեր-Մինասյան՝ մեր ճակատագիրն է

«...Թուրքը լավ է, թե՝ վատ, մեր ճակատագիրն է, ուզենք, թե՝ չուզենք, նրանց և քրդերի հետ պիտի ապրենք։ Երբ չուզենանք ապրել նրանց հետ, կամ մենք պիտի նրանց դուրս քշենք մեր Հայրենիքից, ինչ որ մեր ուժերից վեր է, կամ պիտի նրանք մեզ դուրս քշեն, ինչ որ իրենց ուժերից վեր չէ...»։

ՀՀ զինվորական և ներքին գործերի նախարար, ՀՅԴ Բյուրոյի ղեկավար Ռուբեն Տեր-Մինասյան, «Հայ յեղափոխականի մը յիշատակները», հատոր Է։

***

Սիմոն Վրացեան` բայց այդ օրը պէ՛տք է գայ

"Ես պատրանքներով չեմ տարւում բնա՛ւ: Ես գիտեմ՝ ինչ ասել է հայ-թրքական յարաբերութիւն:

Ես գիտեմ, թէ որքան խորն է թշնամանքն ու ատելութիւնը այդ երկու ժողովուրդների միջեւ:

Գիտեմ, նոյնպէս, թէ ի՜նչ կսկիծ կայ ամէն հայ մարդու սրտում:

Բայց եւ գիտեմ, որ հէնց մեր շահերի, հէնց հայ ժողովրդի ապագայի համար անհրաժեշտ է, որ մի տանելի կենցաղաձեւ ստեղծուի Հայաստանի եւ Թիւրքիայի միջեւ:

Եւ ես համոզուած եմ, որ այդ օրը պիտի գայ: Ե՞րբ, ի՞նչպէս – չգիտեմ:

Բայց այդ օրը պէ՛տք է գայ:

Եւ իսկական իրատես ու հեռատես գործիչները պէ՛տք է աշխատին մօտեցնելու այդ օրը:

Քաղաքական գործիչները պէտք է ընդունակ լինին յաղթել զգացմունքներին ու նախապաշարումներին եւ ամբոխային տրամաբանութիւնից բարձր կանգնել:"

Սիմոն Վրացեանի յօդուածէն, «Ամերիկահայ հանրագիտակ տարեգիրք», 1924/1925

***

Յովհաննէս Քաջազնունէ՝ որ՞ երկու Հայաստաններն են որ պիտի միացուին 

“Ուր՞ է “միացեալ” Հայաստանը, հարցնում ես դու: Ունեն՞ բոլշեվիկները այդ պահանջը իրենց դրոշակի վրա: 

Չունեն:

Իսկ մենք, որ շարունակում ենք կրկնել այդ պահանջը մեր կուսակցական որոշումներում՝ ինչ՞ հեռանկարներ ունեք առջեւներս: Քաղաքական լուրջ պահանջ՞ է դա, թէմի անբովանդակ ձեւակերպում, որ կրկնում ենք միայն մեզ մխիթարելու, մեր սիրտը հովացնելու համար: Ինչ՞ բովանդակություն ունի այդ պահանջն այսօր ՝ 1923 թվականի հունիսին՝ բնաջնջված թուրքահայության ու հաղթական Թուրքիայի հանդէպ: 

Որ՞ երկու Հայաստաններն են որ պիտի միացվեն: 

Փորձենք մի քիչ զգաստ լինել. չէ՞ որ պետական մարդու առաջին պարտականությունն է դա: 

“Երկրորդ” Հայաստանը գոյություն չունի այլեւս: 

Սոսկալի է այս խօսքը: Բայց խօսքը չարտասանելով կարելի՞ է փոխել իրականությունը: »

Յովհաննէս Քաջազնունու “Դաշնակցությունը անելիք չունի այլեւս” գրութեանը որ ուղարկուած էր կուսակցութեան ընդհանուր ժողովին, կը պատասխանէ NN անունով մէկը ուր ըստ երեւոյթին ան կը քննադատէ եւ անհամաձայն կը գտնուի Քաջազնունու այդ մտորումներուն եւ առաջարկներուն: Ի պատասխան այդ քննադատութեան Քաջազնունին կը գրէ այլ նամակ մը: Ստորեւ հատուածներ այդ պատասխան նամակէն: 

***

Յովհաննէս Քաջազնունի՝ Հանրապետութեան թշնամին Հայութեան թշնամին է

“-Ահռելի զոհողութիւնների, անասելի տանջանքների ու զրկանքների, արիւնահեղ կռիվների ու յամառ աշխատանքի գնով հաստատւել է այսօր Արարատեան դաշտի վրայ ու նրա շուրջը Հայաստանի Հանրապետութիւնը:

-Այսօր Հայաստանի Հանրապետութիւնն է, ուր մենք պէտք է որոնենք եւ գտնենք մեր փրկութիւնը, մեր դարաւոր տենչերի իրագործումը: Այստեղ է որ հայ ցեղը պէտք է կեդրոնացնէ այսօր իր ամբողջ ուշադրութիւնը, իր միտքն ու հոգին, իր ստեղծագործական բոլոր կորովը: 

-Հանրապետութեան թշնամին Հայութեան թշնամին է: 

-Հայը, որ կը յանդգնի խէթ աչքով նայելու Հանրապետութեան վրայ, դավաճան է Հայկական մեծ դատի:

-Խմբվել՝ անկեղծօրէն ու անվերապահօրէն՝ Հանրապետութեան շուրջը, ոյժ եւ կենսունակութիւն տալ նրան-ահա օրուայ պահանջը, ահա ամէն հայի սրբազան պարտքը:

-Հանրապետութիւնը կազմակերպման շրջանի մէջ է: Նա կարօտ է բարեացակամութեան եւ գործօն օգնութեան, մանաւանդ որ կազմակերպվում է այնպիսի դժոխային պայմանների մէջ, որի նմանը թերեւս չի տեսած պատմութիւնը: 

-Այս օգնութիւնն է որ մենք եկել ենք որոնելու հեռաւոր Ամերիկայում:”

Քաջազնունիի պատմական մէկ ճառին ընթացքին՝ խօսուած Նիւ Եորքի միթինկի մը մէջ, 1919 ի դեկտեմբերին, կարգ մը յատկնշական միտքեր: 

 

  

1 comment:

  1. NN -ը Սիմոն վրացեանն է', որուն վրայ՝ իբրեւ երիտասարդ կուսակցական եւ քաղաքական գործիչ մեծ համարում ունէր Քաջազնունին: Վրացեան արգելք եղաւ ( իր իսկ խօսքով) որպէսզի Պուքրէշի կուսակցական խորհրդաժողովին Քաջազնունիի «Դ-ը անելիք չունի այլեւս»-ը չկարդացուի: Ի պատասխան Քաջազնունիի գրքոյկին, Վրացեան «խռֆած»-ի տեղ կը դնէ իր երեց ընկերը՝ Քաջազնունին: Անոր վրայ է, որ Քաջազնունի պատասխան գիր մը կը գրէ NN-ին

    ReplyDelete