V.H. Apelian's Blog

V.H. Apelian's Blog

Tuesday, July 16, 2024

Խաղաղութեան խաչմերուկի քաղաքականութիւն - 1/2 - կամ ոչ

Խաղաղութեան ցանկութիւնը քաղաքականութիւն չէ, այլ փաղձանք մըն է որ տեղ չունի երկիրներու փոխյարաբերութեան մէջ։  «Խաղաութեան խաչմերուկ» քաղաքականութիւնը անկասկած որ յամեցող հարց մըն է՝  պարզապէս քանի որ ճակատագրական է։  Իւրաքանչիւրը կ՚ընկալէ այդ քաղաքականութիւնը իր հայեցողութեամբը՝ «Իւրաքանչիւրին ընկալումը՝ իրը»՝ ինչպէս կ՚ըսէ Ամերիկեան ընթացիկ խօսք մը՝ «to each its own»։  Բայց անպայմանօրէն գէթ կարդացած եւ խոկացած պէտք է ըլլալ այն ինչ որ առաջակեց Հայաստանի նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը իր 1 նոյեմբերի, 1997 թ.-ի «Պատերազմ, թէ՞ խաղաղութիւն» քաղաքական տեսութեանբը երբ հարցը կը վերաբերէր Լեռնային Ղարաբաղի Ինքնաւար Մարզին, եւ ինչ բանի յանգեցաւ ԼՏՊ  ընդիմադիրներուն վարած քաղաքականութիւնը երբ անոնք յաջողեցան վար առնել ԼՏՊ-ը քանի մը ամիս ետք, Փետրուար, 1998-ին։

Կցած եմ առաջին քանի յատուածնէրը ԼՏՊ-ի «ՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ. ԼՐՋԱՆԱԼՈՒ ՊԱՀԸ» տեսութիւնէն քանի որ շատ բան փոխուած չի թուիր այսօրույ ընդիմադրութեան գործելակերպէն, « Ընդդիմության արձագանքը դուրս չեկավ հայհոյանքի, վերագրումների, պիտակավորումների ու խեղաթյուրումների շրջանակից։ Չարվեց ոչ մի բանական առաջարկ, չներկայացվեց ոչ մի այլընտրանքային ծրագիր, չբերվեց ոչ մի հիմնավոր հակափաստարկ»։ 

Այն օրերուն ընդիմադիր քաղաքական ճարտարագէտերը, որոնք վճռեցին այդ օրերու Լեռնային Ղարաբաղի Ինքնաւար Մարզին ճակատագրական կնճիռը՝ այս օրերուն կը ջանան վճռել Հայաստանի Հանրպպետութեան քաղաքական ճակատագրական կնճիռը՝ «սրբազան պայքար»ով իսկ այդ շարժումին սփիւռքէն ալ կը մասնակցին։ 

 Պատմական Արցախը ամբողջովին դատարկուաեցաւ երբ հիմնահարցը՝ մէջբերելով ԼՊՏ-ը «Խոսքը չի վերաբերում Ղարաբաղը տալուն կամ չտալուն։ Խոսքը վերաբերում է Ղարաբաղը հայկական պահելուն. 3000 տարի այն բնակեցված է եղել հայերով եւ 3000 տարի հետո էլ պետք է բնակեցված լինի հայերով։” Իրաւացիօրէն՝ ինչպէս Ամերիկեան այլ մէկ առածը կ՚ըսէ՝ «you can never go home again”՝ «դուն երբէք կրկին անգամ տուն չես երթար», անկէ հեռանալէդ ետք։ Կը մնայ Հայաստանի քաղաքազիներուն լրջախօհութեամբ վարել Հայաստանի քաղաքական ճակատագիրը։

ինչպէս յիշեցի կցած եմ Կցած եմ ԼՏՊ-ի «ՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ. ԼՐՋԱՆԱԼՈՒ ՊԱՀԸ» տեսութութեան առաջին յատուածները հետաքրքրուող ընթերցողներուն համար։ 

Վահէ Յ Աբէլեան 

***

 «ՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ. ԼՐՋԱՆԱԼՈՒ ՊԱՀԸ»

(1 նոյեմբերի, 1997 թ7.)

“Սեպտեմբերի 26-ի իմ մամլո ասուլիսը, ավելի ճիշտ՝ ասուլիսի Ղարաբաղին նվիրված հատվածը մամուլում եւ ընդդիմության կազմակերպած հավաքներում բուռն կրքերի բորբոքման առիթ տվեց։ Ինձ համար դա անակնկալ չէր, եւ ինչ-որ չափով ես նույնիսկ ավելի խիստ հակազդեցություն էի սպասում։

Անակնկալը բանավեճի որակն էր, իսկ պարզ ասած՝ բանավեճի իսպառ բացակայությունը։ Խոստովանում եմ, ես չհասա իմ նպատակին, այն է՝ մամուլում եւ հրապարակային ժողովներում լուրջ բանավեճ ծավալել հայ ժողովրդի առջեւ ծառացած ամենակնճռոտ խնդրի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների շուրջ։

Ընդդիմության արձագանքը դուրս չեկավ հայհոյանքի, վերագրումների, պիտակավորումների ու խեղաթյուրումների շրջանակից։ Չարվեց ոչ մի բանական առաջարկ, չներկայացվեց ոչ մի այլընտրանքային ծրագիր, չբերվեց ոչ մի հիմնավոր հակափաստարկ։ Սրանից կարելի է անել երկու հետեւություն. կա՛մ ընդդիմությունը չունի ղարաբաղյան կարգավորման որեւէ ծրագիր, կա՛մ եթե ունի, բայց թաքցնում է, այնքան էլ ազգանպաստ գործով չի զբաղված. ավելի խիստ որակումից ես զերծ եմ մնում։

Ի՞նչ հասկացավ ժողովուրդն ընդդիմության հանած աղմուկից. Որ Արցախի համար մենք արյուն ենք թափել, որ գրավված տարածքները վերադարձնելով վտանգվում է Արցախի գոյությունը, որ հանուն Արցախի հայ ժողովուրդը նորից պատրաստ է արյուն թափելու, որ մենք թքած ունենք համաշխարհային կարծիքի վրա, որ մենք ծնկի կբերենք ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ միջազգային հանրությունը, որ մենք «ազգովի կդառնանք ֆիդայի»։

Իսկ հետո՞։ Ոչ ոք չփորձեց պատասխանել հետեւյալ պարզ հարցերին. այս ամենն անելուց հետո մենք կհասնե՞նք մեր բաղձալի նպատակին, թե ոչ. - երբ մենք թքենք աշխարհի երեսին, նա մեզ ինչո՞վ կպատասխանի. - թափվելու է Կինոյի տանը հավաքված 500 հոգու, թե՞ մեր ժողովրդի անմեղ արյունը։

Առնվազն վերջին հարցին կարելի է միանշանակ պատասխան տալ. հինգհարյուրի գլխից մի մազ անգամ չի պակասի, անկախ այն բանից, թե նրանք այսօր ինչպիսի զոհողությունների գնալու պատրաստակամություն են հայտնում։ Երբ Արցախը վտանգի մեջ էր, երբ հակառակորդն ընդհուպ մոտեցել էր Գանձասարին, նրանցից ոչ ոք չարձագանքեց Վազգեն Սարգսյանի կոչին ու չմիացավ մահապարտների գնդին։ Ուրիշի արյան գնով փառք որոնողներից ու հերոս ձեւացողներից մեր ժողովուրդը պետք է որ կուշտ լինի։

Ընդդիմության շփոթը, բացի քաղաքական նկատառումներից, գուցեեւ մասամբ բացատրվում է անտեղյակությամբ, որ բնական է, քանի որ Ղարաբաղում եւ Հայաստանում հակամարտության կարգավորման գործընթացին փորձագիտական մակարդակով տիրապետում են ընդամենը վեց հոգի՝ Արկադի Ղուկասյանը, Ռոբերտ Քոչարյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վարդան Օսկանյանը, Ժիրայր Լիպարիտյանը եւ ես։

Բանավեճի առարկան

Ինչեւէ, բանավեճ չստացվեց, բայց դա ոչ ինձ, ոչ էլ մեր հասարակությանը չպետք է հիասթափեցնի։ Միեւնույն է, ազգի ճակատագիրը տնօրինելու հավակնող ցանկացած քաղաքական գործիչ կամ մտավորական վաղ թե ուշ ստիպված է լինելու հրաժարվել հայհոյախոսությունից (խոսքս հոգեկան հիվանդների մասին չէ) եւ ժողովրդի առջեւ հանդես գալ կոնկրետ հաշվարկված ծրագրով։

Չսպասելով դրան, ես այսօր էլ պատրաստ եմ լրջորեն քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ցանկացած բանական առաջարկ, համաձայն եմ ցանկացած մակարդակի հրապարակային բանավեճի։

 

Սակայն բանավեճը կարող է առարկայական լինել միայն նախապես կողմնորոշվելով մի քանի ելակետային դրույթների շուրջ, այն է.

- Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի պատերազմի, թե՞ խաղաղ բանակցությունների միջոցով.

- հնարավո՞ր է, արդյոք, հավերժորեն կամ թեկուզ երկար ժամանակով պահպանել ստատուս-քվոն եւ Ղարաբաղի խնդրի չկարգավորված վիճակը.

- Ղարաբաղին եւ Հայաստանին ձեռնտու է հարցի կարգավորված, թե՞ չկարգավորված վիճակը.

- հարցը պետք է լուծվի փոխզիջումով, թե՞ կողմերից մեկի պարտությամբ, եւ այդ դեպքում ո՞վ է լինելու պարտվող կողմը։

Այս դրույթների շուրջ ես հստակ կերպով արտահայտվել եմ բազմիցս եւ այսօր էլ պնդում եմ, որ՝

- պատերազմը պետք է բացառվի, ուստի եւ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի միայնումիայն խաղաղ բանակցությունների միջոցով. ստատուս-քվոն երկար ժամանակով պահպանել հնարավոր չէ, որովհետեւ դա թույլ չեն տա ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ էլ Հայաստանի տնտեսական կարողությունները.

- Ղարաբաղին եւ Հայաստանին ձեռնտու չէ հարցի չկարգավորված վիճակը, որովհետեւ դա զգալիորեն խոչընդոտում է Հայաստանի, հետեւաբար նաեւ Ղարաբաղի տնտեսական զարգացմանը, բարդություններ ստեղծում միջազգային հանրության եւ մանավանդ հարեւան երկրների հետ հարաբերություններում, որոնք կարող են ճակատագրական նշանակություն ունենալ.

- Ղարաբաղի հարցի լուծման միակ տարբերակը փոխզիջումն է, որը նշանակում է ոչ թե մի կողմի հաղթանակ եւ մյուսի պար տություն, այլ հակամարտության հագեցման վիճակում ձեռքբերված հնարավոր համաձայնություն։ Թող չփորձեն ժողովրդին մոլորեցնել, ասելով, թե փոխզիջումն այլընտրանք ունի. փոխզիջման այլընտրանքը պատերազմն է։

Փոխզիջման մերժումը եւ մաքսիմալիզմը (առավելագույնը եւ ոչ թե հնարավորը ձեռքբերելու ձգտումը) Ղարաբաղի իսպառ կործանման եւ Հայաստանի վիճակի վատթարացման ամենակարճ ճանապարհն է։

Խոսքը չի վերաբերում Ղարաբաղը տալուն կամ չտալուն։ Խոսքը վերաբերում է Ղարաբաղը հայկական պահելուն. 3000 տարի այն բնակեցված է եղել հայերով եւ 3000 տարի հետո էլ պետք է բնակեցված լինի հայերով։”

                                                                   ***

Հետաքրքրուողները կրնան ամբղջը կարդալ սեղմելով հետեւալ կապը (https://hy.wikisource.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%A5%D6%80%D5%A1%D5%A6%D5%B4,_%D5%A9%D5%A5%D5%9E_%D5%AD%D5%A1%D5%B2%D5%A1%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%E2%80%A4_%D5%AC%D6%80%D5%BB%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82_%D5%BA%D5%A1%D5%B0%D5%A8)։ Բայց պատմական Արցախը դատարկուած է։……….

 

 

1 comment:

  1. Երազային աշխարհի մէջ հռետորաբանութեամբ ապրող քաջնազարներ, Արցախի ազատագրման հետ խօսքով մի միայն կապ ունեցողներ Արցախը ձրիօրէն նուիրեցին թշնամիին: Ուրիշ բան կարելի չէ ըսել

    ReplyDelete