Վահէ Յ Աբէլեան
Ձախէն աջ։ Րաֆֆի, Սերո Խանզադեան |
Լեւոն Շիրինեան, հիմնադիր նախագահ Քրիստոնեայ Ժողովրդավարական կուսակցութեան, Ֆէյսպուքի էջին վրայ հետեւեալը տեղադրած է՝ «Դավիթ Բեկի խոսքերը կաթողիկոսին}.- Ես նրան խորհուրդ կտամ առայժմ չխառնվել ոչ մէկի գործին։ Թող հանդարտ մնայ իր վեհափառական գահին վրայ։ Նա չի, որ պետք է որոշի մեր ժողովրդի բախտը։ Խավար է հայոց երկնակամարը, եւ Աստծուն է միայն հայտնի, թէ ինչպիսի վտանգներ են պայթելու մեր գլխին։ ԷՋՄԻԱԾԻՆԸ ԹՈՂ ՀԵՌՈՒ ՄՆԱ ԱՇԽԱՐՀԻԿ ԳՈՐԾԵՐԻՑ,ԴԱ ՁԵՌՆՏՈՒ Է ՆՐԱՆ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀԱՅՈՑ»։
Որքան գիտեմ երկու հեղինակներ Դաւիթ Բէկը ըրած են իրենց գիրքերուն հերոսը։ Առաջինը Րաֆֆին է իր «Դաւիթ Բէկ»-ը վէպով։ Երկրորդը Սերո Խանզադեանն է իր «Մխիթար Սպարապետ»-ը վէպով։ Բնականաբար այդ մէջբերումը Դաւիթ Բէկի այդ երկու գիրքիրէն մէկուն հեղինակը ըրած ըլլալու է։
Երկուքն ալ պատանեկութեանս կարդացած եմ։ Բայց բան մը չեմ յիշեր վէպերէն, թէեւ շատ լաւ կը յիշեմ որ Սերո Խանզադեանին` «Մխիթար Սպարապետ» վէպը, Լիբանան, մօրեղբօրս վարձու ամառանոցը կարդացի, ամառ մը։ Այդ մէջբերումը ըրած կրնայ ըլլալ Րաֆֆին կամ Սերո խանզադեանը։
Երկու հեղինակներ նախաքրիստոնէական հին աստուածներու իրենց նախապատուութիւնը յայտնած են՝ Րաֆֆին եւ Լեւոն Շանթը։ Բայց կը կասկածիմ որ Րաֆֆիի «Դաւիթ Բէկ» գիրքէն եղած ըլլայ այդ մէջբերումը։
Սերո Խանզադեան հաւատացեալ համայնավար մըն էր։ Ես այս մէկը ճշդելու պատճառը ունիմ։ Քանի մը տասնեակ տարի առաջ, Ամերիկա իր այցելութեան ընթացքին, Սերո Խանզանդեան «Հայրենիք» հանդիպած էր եւ հոն զրոյց մը ունեցած էր խմբագրութեան կազմին հետ։ «Հայրենիք»ի մեկնաբանութիւնը եղաւ որ Սերո Խանզադեան իր Սովետ ղեկավարներուն տուրք կուտայ։ Իսկ մօրեղբայրս պատասխանած էր «Հայրենիք»ի ակնարկին, որ այդպէս չէ՝ որ Սերո Խանզադեան Սովետական Հայաստանին հաւատացեալ մըն է։ Ճշդեմ որ մօրեղբայրս «Հայրենք»ի ղրկած պատասխանէն օրինակ մը ղրկած էր ինծի։ Սյդպէս է, որ հաղորդ մնացած եմ մօրեղբօրս մեկնաբանութեան, քանի որ «Հայրենիք»ը մօրեղբօրս ակնարկը չհրատարակեց։ Չմոռնանք՝ պաղ պատերազմին տաք շրջանն Էր։
Սովետական օրերն էին եւ չեմ զարմանար, որ Դաւիթ Բէկի կաթողիկոսին ուղղած պատասխանը կը համընկնի էջմիածնի հանդէպ համայնաւար Սերո Խանզանդեանի Էջմիածինի տրամադրուածութեանը հետ։ Քանի մը տասնեակ տարիներ ոչ թէ անցած են այդ օրերէն, այլ յեղաշրջած են պատմութեան ընթացքը։ Այժմ Հայաստանը ազատ է, անկախ է, եւ ժողովրդավարական կարգով երկիր մըն է, իր գոյութիւնը սպառնացող բազմաթիւ ճակատագրական հարցերով։
ՀՀ սահմանադրութիւնը հետեւեալը կը նշէ, պետութիւն-եկեղեցի յարաբերութեան մասին՝
«Հոդված 17. Պետությունը և կրոնական կազմակերպությունները
Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:
Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից:
Հոդված 18. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին
Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով:»
Պարզ է՝ կրօնական կազմակերպութիւնները անջատ են պետութենէն, եւ երկուքին յարաբերութիւնները ենթակայ են օրինական կարգաւորման, երբ անոնք գիտակցաբար կամ ոչ՝ դուրս գան իրենց առաքելութեան սահմաններէն։
Եկեղեցւոյ յարաբերութիւնը, մանաւանդ առանձնաշնորհեալ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ յարաբերութիւնը պետութեան հետ, որ օրինակ պէտք է հանդիսանայ Հայ Աւետարանական եւ Հայ կաթողիկէ եկեղեցիներուն, կը բխի եկեղեցիին պատմական առաքելութենէն որ այժմ ամրագրուած է Հայաստանի սահմանադրութեամբ եւ Առաքելական եկեղեցւոյ հաւանութեամբ։ Այդ առաքելութիւնը կը կայանայ ՝ «հայ ժողովրդի հոգևոր կեանքին, անոր ազգային մշակույթի զարգացումին և ազգային ինքնութեան պահպանութեան գործին մէջ:»
Սերո Խանզադեան կրնայ Քրիստոնեայ հաւատացեալ մը եղած չըլլալ, բայց Դաւիթ Բէկի լեզուով իր տեսութիւնը կը մնայ ի զօրու՝ «ԷՋՄԻԱԾԻՆԸ ԹՈՂ ՀԵՌՈՒ ՄՆԱ ԱՇԽԱՐՀԻԿ ԳՈՐԾԵՐԷՆ»։ Իսկ աշխարհականներն ալ թող հեռու մնան եկեղեցին ի շահ իրենց քաղաքական նպատակներուն գործածելէ եւ գոհանան զայն ծառայեցնել միայն իրենց հոգեկան եւ հոգեւոր կարիքներուն։
No comments:
Post a Comment